2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թորշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը:
Ծիծեռնակաբերդի մոտ դրված ծաղիկների վերամշակման գաղափարը պատասխանատու վերաբերմունքի դրսևորում է շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ ծաղիկները նոր կյանք են ստանում, ինչպես նաև հարգալից վերաբերմունքի դրսևորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ:
Բացի այդ, նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ է կրում, քանի որ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ, բացիկներ և պատվոգրեր պատրաստելու համար: Իսկ ստացված պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:
http://accent-shesht.com/am/events/item/12-caghkahavag.html#sigProId562b55d88e