Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի ընթացքում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները:
Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվում է կազմակերպել հակակոռուպցիոն դասընթացներ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվական ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-Կառավարություն երկխոսություն: Ծրագրի տևողությունը երեք տարի է (հունվար 2014-դեկտեմբեր 2016): Ընդհանուր բյուջեն կազմում է 650.000 եվրո, որից 585.000 եվրոն տրամադրել է ԵՄ-ն: